Մոսկվան չի հրաժարվում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումից

Սերգեյ Ռյաբկով. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը ճգնաժամ անվանելն անտեղի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Մոսկվան չի հրաժարվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Այդ հարցը մշակման փուլում է։ Մենք այդ գաղափարից չենք հրաժարվում։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնք ունենք կայունացման ուղղությամբ առկա պայմանավորվածությունների շրջանակներում հետագա շարժման համար հարթակներ և ձևաչափ տրամադրելու տեսանկյունից», - ասել է Ռյաբկովը Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որը կազմակերպել էր «Россия сегодня» մեդիախումբը:
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
2023-ի փետրվարի 8-ին էլ, անդրադառնալով չկայացած հանդիպմանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ չմասնակցելով հանդերձ, Հայաստանն իր առաջարկներն է փոխանցել Բաքվին հեռավար կարգով։
Նա նաև շեշտել էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը ճգնաժամ անվանելն անտեղի է։
Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները սկսվեցին նոյեմբերի 23-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել երկու փաստաթուղթ։ Նա պնդում էր, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի քաղաքական գնահատական պետք է տրվի։