ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը բնապահպանական քողարկում ունի, ԼՂ–ում հանգեցրել է իրական բնապահպանական աղետների։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպես տեղյակ եք, Ադրբեջանն արգելափակել է նաև ԼՂ–ի էլեկտրական հոսանքի մտակարարումը, ու քանի որ էլեկտրական հոսանք արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, ԼՂ իշխանությունները ստիպված են հովհարային անջատումներ իրականացնել` օրական 6,8,10 ժամ` կախված եղանակից։ Այս պայմաններում ԼՂ մեր հայրենակիցները ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որը իր հերթին բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ այս հիմնավորմամբ հօդս են ցնդում Ադրբեջանի իբրև թե բնապահպանական նպատակադրումները։ Արդյունքում, նրա խոսքով` ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանների կողմից Լաչինի միջանցքի 60-օրյա ապօրինի շրջափակումը, բացի հումանիտար ճգնաժամից, հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի։
«Ադրբեջանն իր այդ գործելակերպով մեկ նպատակ է հետապնդում` կոտրել սեփական հայրենիքում ապրելու բնակչության կամքը, ինչը հավատում ենք, որ անկոտրում է»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանը պետք է ավելի կենտրոնացնի իր ջանքերը աշխարհին ներկայացնելու Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում ԼՂ–ում հումանիտար ու արդեն նաև` բնապահպանական աղետները։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց միջազգային այն կառույցներին և երկրներին, ովքեր այս ընթացքում օբյեկտիվ դիրքորոշում են հայտնել ԼՂ–ում ծավալվող հումանիտար ճգնաժամի մասին։
Նրա խոսքով` անհրաժեշտ է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ԼՂ–ում հումանիտար և բնապահպանական ճգնաժամն ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնան։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։