Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. Իրանի դեսպան

Աբբաս Բադախշան Զոհուրի
Իրանի դեսպանի խոսքով` Հայաստանն ու Իրանը հարևաններ եղել են ու կլինեն։ Նա այդ առումով օրինակելի գործողություն է որակել Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը Կապանում, իսկ շուտով նաև Թավրիզում ՀՀ հյուպատոսության բացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանն ու Իրանը պետք է ունենան հատուկ օրակարգ և չպետք է թույլ տա, որ որևէ միջանցք ստեղծվի։ Հայաստան–Իրան կոնֆերանսի ընթացքում այս հայտարարությունն է արել Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին` ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի ղեկավարները ուշադիր հետևում են տարածաշրջանային զարգացումներին:
«Հայաստանն ու Իրանը հարևաններ են, կան և կլինեն հարևաններ: Իհարկե, որոշակի խորամանկություններ նկատվում են, խոսում են այսպես կոչված միջանցքների, ինչ-որ գործողությունների մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի»,- ասել է դեսպանը:
Նա հավելել է, որ թե՛ իրանական, թե՛ հայկական կողմի դիրքորոշումը շատ հստակ է:
«Մենք պետք է նաև նախաձեռնող լինենք: Պետք է տեսնենք, թե ինչ նոր քայլեր կարող ենք ձեռնարկել: Չպետք է սպասենք, որ նոր մտահղացում լինի, օրինակ` ինչ-որ միջանցք բացելու հետ կապված, նոր մենք որոշենք, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրենք: Այսինքն՝ թույլ չպետք է տանք նման բան»,- ասել է նա։
Դեսպանն այդ առումով օրինակելի գործողություն է որակել Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը Կապանում, իսկ շուտով նաև Թավրիզում ՀՀ հյուպատոսության բացումը:
Եղե՞լ է արդյոք Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների առաջարկ. դեսպանի պատասխանը
Իրանը մշտապես դեմ է արտահայտվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» գաղափարին, որն առաջ է մղում Ադրբեջանը։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն ընդգծել է ցանկացած միջանցքային տրամաբանության անընդունելիությունը։ Հայաստանի իշխանությունները նշում են, որ բոլոր ճանապարհները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնցով անցնում են։
Իրանի ղեկավարությունն իմաստուն է. ԻԻՀ դեսպանը` տարածաշրջանում սադրանքների մասին