Իրանի ղեկավարությունն իմաստուն է. ԻԻՀ դեսպանը` տարածաշրջանում սադրանքների մասին

Աբբաս Բադախշան Զոհուրի
Իրանցի դիվանագետը մեկնաբանել է «նախապատրաստվող հարձակման» մասին ադրբեջանական հաղորդագրությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Իրանի ղեկավարությունը իմաստուն է և չի ենթարկվում որոշ փոքր պետությունների տարատեսակ սադրանքներին։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Դիվանագետին խնդրեցին մեկնաբանել ադրբեջանական մամուլում հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Հայաստանն ու Իրանը իբր պատրաստվում հարձակվել Լաչինի (Բերձոր. խմբ.) և Կուբաթլուի (Սանասար. խմբ.) ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ազգային անվտանգության ծառայությունն արդեն հերքել են այդ լուրը և սուտ որակել այն։
Դիվանագիտական առաքելության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են բոլոր ուղղություններով, և եթե կան ոլորտներ, որտեղ փոխգործակցությունը չպետք է բացահայտվի, ուրեմն այդպես է պետք։
«Իրանը կարող է փոքր ապտակ տալ այն փոքր երկրներին, որոնք փորձում են իր համար խնդիրներ ստեղծել։ Բայց Իրանի իշխանությունները նախընտրում են գործել ոչ հույզերի ազդեցության տակ։ Նրանք բավականին իմաստուն են և զուսպ իրենց գործողություններում»,– ասաց Զոհուրին։
Նրա խոսքով` իրանական կողմը երբեք չի ցանկացել և այժմ էլ չի ցանկանում տարածաշրջանում լարվածություն ստեղծել։ Դեսպանը ԶԼՄ–ներին հորդորեց զերծ մնալ այնպիսի վերնագրերից ու հոդվածներից, որոնք կարող են լրացուցիչ լարվածություն առաջացնել։
«Ինչ վերաբերում է ռազմական իրավիճակին, ապա վստահեցնում եմ ձեզ, որ Իրանն ուշադիր հետևում է բոլոր սահմանային իրողություններին»,– նշեց դեսպանը։
Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը ևս մեկ ագրեսիա ձեռնարկի. դեսպանի մեկնաբանությունը
Տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը հանգում է նրան, որ նպաստի կայունությանը և չվնասի։ Դիվանագետն ընդգծեց` չպետք է թույլ տալ, որ հակառակորդները խաղ նախաձեռնեն, պետք է հենց իրենք սկսեն և վարեն։ Իրանի և Հայաստանի հակառակորդները ցանկանում են քաոս մտցնել և շեղել 2 երկրների ղեկավարությունների ուշադրությունը։ Այդ փորձերին առավել արդյունավետ հակազդելը Հայաստանի և Իրանի համակարգված գործողություններն են, այդ թվում` տեղեկությունների մշտական փոխանակումը։
ՀՀ–ում Իրանի դեպանը մեկնաբանել է Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայումը