Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը ևս մեկ ագրեսիա ձեռնարկի. դեսպանի մեկնաբանությունը

Աբբաս Բադախշան Զոհուրի. Արխիվային լուսանկար
ՀՀ փոխարտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի շնորհիվ հաջողվել է խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից 2022 թվականի սեպտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության կարծիքով Հայաստանը և Ադրբեջանը խնդիրները կարող են լուծել երկխոսության և քննարկումների միջոցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Sputnik Արմենիայի «Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը ևս մեկ ագրեսիա ձեռնարկի» հարցին ի պատասխան ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
«Մենք կարծում ենք` այդ երկրները հասել են այն արդյունքին, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և քննարկումների միջոցով։ Իրանը բոլոր երկրներին միշտ հենց այդ խորհուրդն է տվել։ Իհարկե, Իրանն իր պատրաստակամությունը հայտնել է նաև իր աջակցությունը ցուցաբերել, որպեսզի խնդիրները երկխոսության և քննարկումների շրջանակում լուծում ստանան»,– ասաց Զոհուրին։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը շեշտել էր, որ Իրանի գործողությունների և հայտարարությունների շնորհիվ է հաջողվել 2022 թվականի սեպտեմբերին խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022-ի սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։