ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Սիրիայում աղետալի երկրաշարժից տուժածների համար հումանիտար օգնությամբ բեռնված հայկական երկրորդ ինքնաթիռն է վայրէջք է կատարել Հալեպ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է SANA գործակալությունը:
Փետրվարի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ Հայաստանը հումանիտար աջակցություն է ուղարկում Սիրիա: 30 տոննա կազմող մարդասիրական բեռը ներառում է սնունդ, դեղորայք, բժշկական սարքավորումներ: Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի զոհ դարձածների թիվը գերազանցել է 1250–ը, ավելի քան 2000 տուժած կա։