ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրը կալանավորվել է

Համբարձում Մաթևոսյանի ազգականը մեղադրվում է զբոսաշրջիկների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Գյումրու ավագանու անդամ Աղասի Մաթևոսյանը կալանավորվել է զբոսաշրջիկների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
«Աղասի Մաթևոսյանն ու ևս 3 անձ կալանավորվել են 2 ամսով»,–տեղեկացրին դատախազությունից։
Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեկան օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Նշենք, որ Աղասի Մաթևոսյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրն է։
Հիշեցնենք` ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Վերջիններս ձերբակալվել են։
Ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկությամբ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել էր 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո:
Հետո հայտնի դարձավ, որ ՌԴ քաղաքացիներին կողոպտած և դրա հետևանքով ձերբակալված տղամարդկանցից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։