«Հայաստան» հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին

Սիրիա
Հրատապ հումանիտար ծրագիրն իրականացվում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթակիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։ Տեղեկությունը հրապարակվել է հիմնադրամի կայքում։
«Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատություններին, որտեղ աշխատող շուրջ 1100 ուսուցիչները և տեխնիկական անձնակազմը կստանան ֆինանսական աջակցություն»,– ասված է հաղորդագրությունում։
Երկրաշարժից վնասվել են նաև համայնական կրթական և եկեղեցական կառույցներ, այդ թվում նաև Հալեպում գտնվող «Քարէն Եփփէ» ազգային ճեմարանը, «Կիլիկեան» դպրոցը և Ազգային պատսպարանը, ուստի հատկացված ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի այդ հաստատությունների վերանորոգմանը։
Այս հրատապ հումանիտար ծրագիրն իրականացվում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Սիրիայում գործող եկեղեցական և համայնքային այլ կառույցների ներգրավվածությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 16 170-ի, 64 194 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 1250–ը, ավելի քան 2000 տուժած կա։
Հայ փրկարարներն աշխատում են Հալեպի երկրաշարժի գոտում. լուսանկարներ