ԵԽ պատգամավորներն Ադրբեջանին կոչ են անում դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից

Ըստ Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույցի` ՀՀ-ն տարածաշրջանում ժողովրդավարության առաջատարն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։ Այս մասին ասված է կառույցի հրապարակած`Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույցում։
Նոր զեկույցում ԵԽ պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու համար նախկինում ձեռնարկված փորձերը և հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը:
«Վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի ԼՂ-ի շուրջ երկարաժամկետ հակամարտության հետ, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից»,– ասված է զեկույցում։
Զեկույցում անդրադարձ է կատարված նաև խաղաղության պայմանագրին։ Ասվում է, որ դրանում պետք է նշվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։
«Այն պետք է երաշխավորի նաև Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ:
Փաստաթղթում գովաբանվում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը, որի արդյունքում ՀՀ-ն դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար:
Զեկույցը հորդորում է երկու երկրների կառավարություններին աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի շուրջ, իսկ ԵՄ-ին հորդորում է շարունակաբար ներգրավվել, միջնորդել ու արդյունավետ կերպով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Եվրախորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ բացել Լաչինի միջանցքը
Ողջունվում է 2021 թ.–ի մարտին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելն ու այն իրականացնելու` Հայաստանի հանձնառությունը։
Զեկույցում նշվում է նաև հանցավորության և կոռուպցիայի դեմ Հայաստանի պայքարի մասին, այն խրախուսում է կառավարությանը շարունակել բարեփոխումները՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և դատական անկախության համար՝ չնայած միջազգային բարդ համատեքստին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը:
Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են նաև Հայաստանում լրատվամիջոցների ազատության առումով բարելավումները, սակայն հավելել են, որ երկրի մեդիա միջավայրը դեռևս բևեռացված է։ ԵԽ պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել լրագրողների նկատմամբ ատելության խոսքի և ֆիզիկական բռնության դեպքերով։
ԵԽ պատգամավորները կոչ են արել ջանքեր գործադրել՝ երկրի մեդիա ոլորտի բազմազանության և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: ԵԽ պատգամավորները նշել են, որ ոչ մի միջոց չպետք է հանգեցնի լրագրողների կամ խոսքի ազատության սահմանափակումների։

«ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ Եվրոպական խորհրդարանի հանձնառությունը և մի շարք կարևոր ոլորտներում Հայաստանի ու ԵՄ-ի համագործակցությանը։ Որպես այս ուղղությամբ կարևոր քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում երաշխավորել գրեթե 2 ամիս արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը»,- քվեարկությունից հետո ասել է զեկուցող Անդրեյ Կովաչևը։

Նշենք, որ զեկույցն ընդունվել է 55 կողմ, 5 ձեռնպահ ձայներով: Հանձնաժողովի քվեարկությունից հետո տեքստն ամբողջությամբ կներկայացվի Եվրախորհրդարանի հաստատմանը: