ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ԱԱԳ–ի ստեղծման շուրջ բանակցություններն ավարտական փուլում են. ՌԴ դեսպան

Ալեքսեյ Դեդով
Բանակցային գործընթացի ավարտից հետո ԻԻՀ–ի հետ համաձայնագիրը պետք է հավանության արժանանա ԵԱՏՄ երկրների կառավարությունների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհդրի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ–Իրան Ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցություններն ավարտական փուլում են, հարցերի մեծ մասը համաձայնեցված է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը։
Դիվանագետը նշել է, որ հունվարի 18-19-ին Թեհրան ԵՏՀ–ի առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնյովի այցի ընթացքում ԵԱՏՄ–ն և Իրանը համաձայնեցրել էին հարցերի մեծ մասը ԱԱԳ–ի համաձայնագրին առնչվող բանակցությունների ավարտի համար։
«Չլուծված է մնացել ագրարային արտադրանքի առանձին կատեգորիաների շուկա փոխադարձ հասանելիության հարցը, որն այժմ քննարկում են կողմերը», – ասել է դեսպանը։
Նրա խոսքով` բանակցային գործընթացի ավարտից հետո համաձայնագրին պետք է հավանություն տան ԵԱՏՄ երկրների կառավարություններն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը։
«Չնայած դրանք բավական ծավալուն գործընթացներ են, հաշվի առնելով Իրանի հետ համագործակցության կարևորությունը, կարելի է հուսալ, որ կողմերը շահագրգռված կլինեն դրանք առավելագույնս սեղմ ժամկետներում իրականացնել», – կարծում է Դեդովը։
Քննարկվում է ԵԱՏՄ ընդհանուր հաշվարկային միավորի հարցը. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
ՌԴ դեսպանը նշել է նաև, որ Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող ժամանակավոր համաձայնագրի գործողության շնորհիվ Թեհրանն էապես ավելացրել է միության երկրներ իր գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական ասոցիացիա է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Այժմ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։