ԱՄՆ 11 կոնգրեսական պահանջել են դադարեցնել ռազմական և ֆինանսական օգնությունը Կիևին

Փաստաթուղթը ստացել է «Բանաձև Ուկրաինայից հոգնածության մասին» անվանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ քննարկման են ներկայացրել բանաձև, որով նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջում են դադարեցնել ֆինանսական և ռազմական օգնությունն Ուկրաինային: Սա հետևում է փաստաթղթի նախագծից, որը հրապարակել է բանաձևի հեղինակներից մեկը` Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մեթ Գետցը։
Փաստաթղթի տակ, որը ստացել է «Ուկրաինայից հոգնածության մասին բանաձև» անվանումը, Գետցից բացի ստորագրել են ևս 10 կոնգրեսականներ։ Բանաձևի նախագիծը, ի թիվս այլ բաների, պարունակում է ԱՄՆ իշխանություններին ուղղված պահանջ` դադարեցնել ռազմական և ֆինանսական օգնությունն Ուկրաինային, ինչպես նաև հակամարտության բոլոր կողմերին ուղղված կոչ`հասնել խաղաղ կարգավորման։
ԱՄՆ-ն Ուկրաինային 275 մլն դոլարի պաշտպանական օգնություն կտրամադրի. Սպիտակ տուն
Բազմաէջանոց նախագիծը պարունակում է ռազմական և ֆինանսական օգնության բոլոր փաթեթների սպառիչ ցուցակը, որոնք Վաշինգտոնը հատկացրել է Կիևին ընթացիկ տարվա սկզբից ի վեր: Դրանում նաև մեջբերվում են Պենտագոնի պաշտոնյաների արտահայտությունները, որոնց համաձայն այդ մատակարարումները հանգեցրել են ԱՄՆ-ի զինանոցների «զգալի հյուծմանը»` թուլացնելով նրա ռազմական ներուժը իր մասնակցությամբ զինված հակամարտության դեպքում:
Բանաձևը նաև թեզ է պարունակում այն մասին, որ Կիևին օգնություն ցուցաբերելով` ԱՄՆ-ն ակամա նպաստում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճին:
«Ամերիկան գտնվում է կառավարելի անկման վիճակում, և իրավիճակը միայն կվատթարանա, եթե մենք շարունակենք հարկատուների փողերը ծախսել արտասահմանյան հակամարտությունների վրա։ Մենք պետք է դադարեցնենք Ուկրաինային օգնության հատկացումը»,-հայտարարել է կոնգրեսական Գետցը։
Ավելի վաղ ՌԴ-ն բոլոր երկրներին, այդ թվում ՝ ԱՄՆ-ին, նոտա էր հղել Ուկրաինային զենքի մատակարարումների պատճառով։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»` զենք մատակարարելով Ուկրաինային։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 349-րդ օրը։