44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովին կարելի է տալ քննիչի լիազորություններ, եթե Հայաստանը նորմալ, ադեկվատ իշխանություն ունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելուց մոտ մեկ տարի անց իշխանությունը որոշել է օրենսդրական փոփոխության ճանապարհով բարձրաստիճան պաշտոնյաների՝ հանձնաժողովի նիստերին ներկայանալու ընթացակարգը դարձնել պարտադիր։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ նախագծի մշակման շուրջ այժմ աշխատում են և շուտով կներկայացնեն հանրային քննարկման։
«Երբ մի օր Հայաստանում լինի նորմալ, ադեկվատ իշխանություն, և մենք իրավունք ունենանք խոսելու պետականաշինության մասին, ապա միայն այդ ժամանակ խորհրդարանական քննիչ հանձնաժողովին կարելի է տալ քննիչի լիազորություններ` այնքանով, որքանով հնարավոր է կիրառել նման հանձնաժողովների դեպքում անձանց կանչելու և ապացուցողական գործողություններ կատարելու համար»,– ասաց Աթանեսյանը:
Նրա խոսքով` նորմալ պետություն ունենալու դեպքում նախաձեռնությունն ընդունելի է, այլապես ինչ է ստացվում` ցանկացած քննիչի ծանուցագիրը պարտադիր է, իսկ Ազգային ժողովի` բարձրագույն օրենսդրական մարմնի քննիչ հանձնաժողովի հրավերը պարտադիր չէ։
«Այստեղ տրամաբանություն չկա։ Եթե մենք խորհրդարանին օժտում ենք քննություն կատարելու իրավունքով, ապա դա պետք է արվի ամբողջությամբ, և նույնիսկ կարելի է գնալ ավելի առաջ` քննիչ հանձնաժողովի քննության նյութերը կարգավիճակով հավասարեցնելով քրեական վարույթի նյութերին։ Իսկ եթե կա հանցակազմ, նյութերը պետք է փոխանցվեն դատախազին` մեղադրանքներ առաջադրելու և գործը դատարան տանելու նպատակով»,– ասաց Աթանեսյանը։
Փաստաբանի կարծիքով` եթե գնում ենք նման կատարելագործման ճանապարհով, ապա դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է կիրառել մնացած բոլոր տարրերն ու ինստիտուտները, այսինքն` հրավիրյալների կողքին պետք է լինեն նրանց փաստաբանները, պաշտպանները, որոնք պետք է ունենան լիազորությունների ու երաշխիքների ամբողջ համալիրը, որովհետև մարդուն կարող են տալ մեղադրական հարցեր, առավել ևս, եթե հանձնաժողովի գործունեությունը պետք է նմանվի քրեական դատավարությանը։
«Այդուհանդերձ ՔՊ–ականների նախաձեռնությունը կիսատ–պռատ է, հետևաբար կոնկրետ առաջարկի մասին խոսելն անիմաստ է» ,– ասաց մեր զրուցակիցը։
Աթանեսյանի բնորոշմամբ` խորհրդարանական քննիչ հանձնաժողովների գործունեությունը երբեք չի լուծել գլխավոր խնդիրը, այն է` սպառիչ պատասխանել հանրությանը հուզող կոնկրետ հարցերին։ Բայց այդ հանգամանքը, ըստ փաստաբանի, չի նշանակում, որ խորհրդարանական վերահսկողության կարևորագույն մեխանիզմը չարժե զարգացնել։ Փաստաբանի խոսքով` նման հանձնաժողովներում մեծամասնություն ունենալու իրավունքով պետք է օժտված լինի հատկապես ընդդիմությունը, ինչը շատ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 10.02.2022 թվականին։ Օրենքով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամիս է։
Հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ անգամ արդեն երկարաձգվել է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ առաջիկայում ևս երկարաձգելու առաջարկ կանեն։