Թուրքիան մերժել է Կիպրոսի օգնությունը

Կիպրոսի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելուփրկարարական աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թուրքիան հրաժարվել է ընդունել Կիպրոսի Հանրապետության փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ գլխավոր տնօրեն Կորնիլիոս Կորնիլիուն։
«Կիպրոսի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել փրկարարական աշխատանքներին Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո, սակայն թուրքական կողմը չի ընդունել այդ օգնությունը»,– ասել է նա։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը 29 փրկարար է ուղարկել Սիրիա, 27–ը՝ Թուրքիա։ Նրանք աջակցելու են երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։
Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության վերջին թվյալների` երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37011–ի։
Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։