ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հավաքագրվում են տվյալները, թե գերատեսչության տված լիցենզիաների արդյունքում քանի տնտեսվարող կա, և նրանք որքան ավազ են արդյունահանել։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Ըստ վիճակագրության` 2020-ի համեմատ 2021-ին 62 տոկոսով ավելացել է արտադրական բետոնի ծավալը, չնայած այդ հանգամանքին` արդյունահանվող ավազի հաշվառված ծավալը նվազել է 12 տոկոսով։
«Ավազի արդյունահանման տվյալները կամփոփենք և էկոնոմիկայի նախարարության, վիճակագրության և քաղաքաշինության կոմիտեների գործընկերների հետ կփորձենք համադրել և տեսնել` ինչ է տեղի ունենում։ Շատ տեսանելի է երկրում շինարարության աճը, և ակնհայտ է, որ դրան զուգընթաց արդյունահանումը պետք է աճի»,–ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` ոլորտում մեկ այլ խնդիր կա. խոսքը Արաքս գետի հարակից տարածքների ավազի արդյունահանման հետ է կապված։ Այս դեպքում էլ, ըստ նախարարի, աշխատանքային խումբ կա, և փորձում են այնպիսի լուծում գտնել, որ արդյունահանումն ամբողջովին չդադարեցվի, տնտեսությանը չվնասեն, սակայն մյուս կողմից բնապահպանական խնդիրներն ուշադրության կենտրոնում պահեն։
Հիշեցնենք` նախորդ տարի ՏԿԵՆ–ը հայտնել էր, որ Արաքսի հովտում գործող ավազահանքի շահագործման հետևանքով Արաքս գետը Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների տարածքում փոխել է իր նախկին հունը և այժմ հոսում է Հրազդան գետի հունով:
Պաշտոնական տվյալներով՝ Արաքսի նախկին ու ներկայիս հուների միջև 400 հա մակերեսով տարածք է առաջացել։ Ի դեպ, հայ-թուրքական սահմանի դեմարկացիոն գիծն անցնում է Արաքսի կենտրոնով։