ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 90-ամյակի միջոցառումներին դպրոցը պետք է պատշաճ կերպով պատրաստ լինի: Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ զրույցում ասել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Հեքեքյանը նախագահին է ներկայացրել ընթացիկ տարում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի օրակարգում գտնվող ստեղծագործական միջոցառումներն ու համերգային ծրագրերը:
Զրույցի ընթացքում Տիգրան Հեքեքյանն անդրադարձել է նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ստեղծագործական գործունեության հետ կապված խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, ինչպես նաև երգչախմբի բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների կարևորությանը:
Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հնարավորությունների սահմաններում պատրաստակամորեն կաջակցի հայկական երաժշտարվեստի հանրահռչակման գործում կարևոր դերակատարություն ունեցող երգչախմբի ստեղծագործական ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպել և շարունակական դարձնել ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքային քննարկումները: