ՌԴ–ից դեպի ՆԱՏՕ վեկտորի փոփոխությունը կբերի Հայաստանի կործանման. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամը կարծում է, որ Հայաստանի ապագան ազգային պետությունն է, որը աշխարհաքաղաքական և անվտանգային առումով պետք է հիմնվի նախևառաջ Մոսկվայի հետ դաշնակցության և Իրանի հետ բարեկամական հարաբերությունների վրա։
Sputnik
Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը Ռուսաստանից դեպի Արևմուտք, ՆԱՏՕ` ՀՀ–ի կործանումն է լինելու։ Sputnik Արմենիայի եթերում այս կարծիքը հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Սկզբում նրանք (իշխանությունները,-խմբ.) բոլոր մեղքերի համար մեղադրում էին «նախկիններին»։ Նրանց կարծիքով՝ մենք մեղավոր ենք ամեն ինչում՝ նույնիսկ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի և հին հռոմեական հյուպատոս Մարկ Անտոնիի սպանության մեջ։ Մնում է «նախկիններին» մեղադրել Յուրի Գագարինի ինքնաթիռը խոցելու մեջ։ Իսկ այսօր ժողովրդին այլևս հետաքրքիր չեն «նախկինների» հասցեին հնչող մեղադրանքները։ Հիմա իշխանությունները բոլոր դժբախտությունների համար մեղադրում են Ռուսաստանին»,–ասաց Շարմազանովը։
Ըստ նրա` այսօր Հայաստանում տարբեր ուժերի կողմից տարվող ակտիվ հակառուսականության քարոզի հետևում կանգնած են գործող իշխանությունները, զուգահեռ նույն իշխանությունները ակտիվորեն Թուրքիայի հետ բարեկամության և խաղաղության կոչեր են անում։
Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ Փաշինյանը 44–օրյա պատերազմի ժամանակ հայտարարում էր, թե Թուրքիան գալիս է Կովկաս` հայերին ցեղասպանելու։ Նրա համար անհասկանալի է` ինչ է փոխվել Թուրքիայի հռետորաբանության և քաղաքականության մեջ, որ այժմ Հայաստանը կտրուկ դիրքորոշումը փոխել է և նույնիսկ հրաժարվում է երկրում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց, որպեսզի Թուրքիային «չբարկացնի»։
«Հասել ենք նրան, որ ռուսական ռազմաբազան և ՀԱՊԿ–ը համարում են սպառնալիք։ Ըստ Փաշինյանի` Հայաստանի համար ոչ թե Թուրքիան է սպառնալիք, այլ Ռուսաստանը։ Իսկ ի՞նչ է փոխվել Թուրքիայի դիրքորոշման մեջ։ Նա դատապարտե՞լ է Ադրբեջանին։ Ասել է, որ Շուշին ու Հադրութը օկուպացվա՞ծ են։ Ճիշտ հակառակը՝ Էրդողանն ու Չավուշօղլուն ամեն օր հայտարարում են, որ Ադրբեջանը ճիշտ է վարվում»,–ասաց նա։
Այս համատեքստում Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանի հիմնական դաշնակիցը Ռուսաստանի դաշնությունն է։ Նրա խոսքով ՝ 30 տարվա ընթացքում Արևմուտքը Հայաստանին ոչ մի փամփուշտ չի տվել։ Իսկ Ռուսաստանը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հանրապետությանը տրամադրել է 50 հազար տոննա զենք՝ չհաշված «Իսկանդեր» հրթիռային համալիրներն ու գործարանային ներքին գներով սպառազինության մատակարարումները։
«Եթե Ռուսաստանը չլիներ, Թուրքիան վաղուց արդեն կմտներ Ստեփանակերտ, Իսկ Ղարաբաղում հայեր չէին մնա»,–վստահ է նա։
Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին
Քաղաքական գործչի կարծիքով` Հայաստանի ապագան ազգային պետությունն ու իշխանությունն է, որը աշխարհաքաղաքական և անվտանգային առումով նախ և առաջ պետք է հենվի Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների և Իրանի հետ բարեկամական հարաբերությունների վրա։
Միևնույն ժամանակ նա նշում է, որ պետք է գործընկերային հարաբերություններ պահպանել նաև աշխարհի այլ կենտրոնների հետ։
Շարմազանովի կարծիքով` Հայաստանն իր երբեմնի հեղինակությունը կվերականգնի և դաշնակից պետության «նորմալ» վերաբերմունքին կարժանանա, երբ ընդդիմությունն ու ընդդիմադիր մտածող ազգային մտավորականությունն ավելի շատ կենտրոնանան ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության վրա։
«Այսօր ընդդիմադիր դաշտում էլ բավականին խառնաշփոթ է, ու այնպես չէ, որ բոլոր նրանք, ովքեր Նիկոլին դեմ են, իմ դաշնակիցն են։ Ես, օրինակ, դեմ եմ, որ Հայաստանը գնա դեպի ՆԱՏՕ։ Ես արևմտամոլների հետ խոսելու բան չունեմ»,–ասաց նա։
Շարմազանովը համոզված է, որ մեր հասարակությունը պետք է ոտքի կանգնի և պահանջի, որ Հայաստանը ձեռք ձեռքի տված քայլի իր դաշնակցի հետ: Իսկ եթե ՀՀ–ն չընդունի իրենց մեկնած ձեռքը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Իրանը մեր փոխարեն դա չեն անի։
Նշենք, որ տևական ժամանակ է` տարբեր հարթակներում շրջանառվում է ՀՀ արտաքին վեկտորի հնարավոր փոփոխության հարցը։ Այս խոսակցություններին նպաստել է գործող իշխանությունների կողմից վերջին շրջանում վարվող արևմտամետ քաղաքականությունը, մասնավորապես` Արևմտյան երկրներ իրար հաջորդող պաշտոնական այցերը, այնուհետև ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում ընդունելը և այլն։