ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ Հայաստանի տարածքում դիտորդական առաքելություն չիրականացնելու մասով աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ չկա։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով հարցը, թե ինչու կամ ինչպես կառավարությունը նախընտրեց ընդունել ԵՄ քաղաքացիական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ–ինը` ոչ։
«ՀԱՊԿ–ի պարագայում շատ հստակ ձևակերպել ենք խնդիր, քանի որ այդ կազմակերպությունը շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր ունի, այդ թվում ճգնաժամային իրավիճակների արձագանքնման կանոնակարգ, որն ընդունվել է 2010 թվականին։ Այնտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում և հասկացություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ ՄԵնք նրանցից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան` ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ–ում, այսինքն մեզ ասել, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Այս հարցի պատասխանը մենք հստակ չենք ստացել»,– նշեց Փաշինյանը։
Վերջինս շեշտեց, որ տվյալ հարցն առաջացել է այն պահից, երբ Ադրբեջանն օկուպացրեց Հայաստանի Հանրապետության տարածքներ և, եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ապա ինչպես պետք է դիտարկում անցկացնի։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց` ՀԱՊԿ գործընկերներն արձանագրել են, որ այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, ինչի համար Հայաստանը շնորհակալ է։
Վարչապետը շեշտեց նաև, որ մյուս կողմից էլ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, քանի որ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ–ն հստակ գծագրել է, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։
Փաշինյանը նաև նշեց, որ մինչև ԵՄ առաքելություն ուղարկելը Ադրբեջանը փորձում էր Եվրոպայում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության գործիքն է Արևմուտքի դեմ։
«Այսինքն, Արևմուտքում ադրբեջանական կողմը փորձում էր Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագերսիվ քաղաքականության մասնակից, իսկ ՌԴ-ում` որպես արևմտամետ դավադրության մասնակից։ Մենք ասացինք` եկեք, դուք տեղում դիտարկեք ու տեսեք` այդ ամեն ինչն իրականությանը համապատասխանում է, թե ոչ»,– ասաց Փաշինյանը։
Բացի այդ, նա հավելեց, որ դա մասնավոր հարց է, իսկ գլխավորը Հայաստանի սահմանների գնահատումն է։
Նշենք, որ հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց 2 տարով քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։