Փաշինյանը ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամը ներկայացրել է Խորվաթիայի պատվիրակությանը

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը ներկայացրել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակության անդամներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանն ու Գորդան Գրլիչ Ռադմանը
Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը:
«Այս առումով կարևորվել են Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներն ու Լաչինի միջանցքը ապաշրջափակելու վերաբերյալ ներկայացված հստակ պահանջները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Խորվաթիայի արտաքին գործերի նախարարն էլ իր հերթին նշել է, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցել են արդյունավետ բանակցություններ և քննարկել երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:
Գորդան Գրլիչ Ռադմանը հավելել է, որ իրենք շահագրգիռ են տնտեսության տարբեր ճյուղերում կապերի զարգացմամբ, այդ թվում՝ զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի արտգործնախարարը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Նա արդեն հանդիպել է Արարատ Միրզոյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հանդիպում է նախատեսված նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ռադմանը նաև հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։