ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մշտադիտարկման երկարաժամկետ առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը կարևոր է նրանով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Նման համոզմունք է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության ու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:
Ընդգծվել է հումանիտար խնդիրների հասցեագրման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու կարևորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի:
Հիշեցնենք` Արարատ Միրզոյանը փետրվարի 6-7-ը աշխատանքային այցով ԳՖՀ մայրաքաղաք Բեռլինում էր։
Հայաստան երկու տարի ժամկետով 100 հոգուց բաղկացած առաքելություն ուղարկելու մասին հայտարարվեց հունվարի 23-ին։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։
Դիտորդները տեղեկություններ են հավաքելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, վերլուծելու են դրանք ու ուղարկեն Բրյուսել։