Կարմիր խաչի միջնորդությամբ Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել 17 անձ

Կարմիր խաչի ավտոմեքենաներ
Քաղաքացիները Արցախից Հայաստան են տեղափոխվել ընտանիքների հետ վերամիավորվելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել 17 անձ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանք Հայաստան են տեղափոխվել ընտանիքների հետ վերամիավորվելու համար»,– ասաց Ամատունին։
Այս պահի դրությամբ ԿԽՄԿ–ի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 58, Արցախ` 77 քաղաքացի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։