Կամիլ Չալաևը մեր ժամանակների ամենահետաքրքիր և արտասովոր երաժիշտներից է. նա երաժշտություն է գրում, երաժշտական գործիքներ ստեղծում, տարբեր գործիքների տիրապետում և գրքեր գրում։ Բայց Չալաևն իր առաքելությունը համարում է ձայնային և կոշտ թերապիան, որը հատուկ ազդեցություն ունի երեխաների և մեծահասակների վրա:
Իր կնոջ՝ Սաբին Ժամեի հետ նա մի քանի տարի կմնա Հայաստանում, որպեսզի փոխանցի իր փորձը և տեղացի մասնագետներին սովորեցնի այս յուրահատուկ մեթոդը։
Կամիլ Չալաևն ու նրա կինը` ֆրանսիացի պարուսույց Սաբին Ժամեն
© Sputnik / Aram Nersesyan
Ինչպե՞ս ամուսինները սկսեցին պարապմունքներ անցկացնել Փարիզի աղքատ արվարձաններում
Զույգը հանդիպել է Փարիզի Ֆրանսիական կոմեդիայի թատրոնում 1992 թվականին Անատոլի Վասիլևի նախագծի ընթացքում։ Դա Լերմոնտովի «Դիմակահանդես» բալետն էր։
Ժամեի խոսքով՝ ինքը պարում էր, իսկ իր ապագա ամուսինը կոմպոզիտոր էր։
«Կամիլը սկսել է ջութակ նվագել չորս տարեկանից, իսկ ես նույն տարիքում սկսել եմ պարել։ Կամիլի հայրը ծնունդով Կովկասից է, իսկ մայրը հրեուհի է, Ուկրաինայից։ Նա ինքը Ֆրանսիայում է ապրել։ Իսկ ես բուրժուաների ընտանիքից եմ, որտեղ պարուհու/բալետի պարուհու մասնագիտությունն առանձնապես չէին ողջունում»,-պատմում է նա։
Արտիստներն իրենց այնքան էլ լավ չեն զգացել ֆրանսիական թատերական ինստիտուցիայի շրջանակում և ձգտել են բացահայտել իրենց մասնագիտությունների նոր կողմերը։ Որոշել են երաժշտական աշխարհի հետ ծանոթացնել այն երեխաներին, որոնք զրկված են այդ հնարավորությունից։
Արդյունքում ամուսինները երեխաների հետ պարապմունքներ են սկսել Փարիզի աղքատ արվարձաններում։ Իսկ 90-ականների վերջին Չալաևը կազմակերպել է «Վայրի դպրոցը»՝ միգրանտների(հիմնականում Աֆրիկայից և արաբական երկրներից) անապահով ընտանիքների երեխաների համար։
Ինչո՞վ է Չալաևի մեթոդը եզակի
Կամիլ Չալաևի երաժշտական թերապիայի էությունն այն է, որ կենտրոնական նյարդային համակարգի և մկանային-հենաշարժողական ապարատի տարբեր պաթոլոգիաներ ունեցող երեխաները (աուտիզմ, մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներ) սովորեն լսել հնչյունները և այդկերպ առաջին քայլերն անեն խոսքը յուրացնելու գործում:
Դասերի ժամանակ երեխաներն ակտիվ մասնակցում են գործընթացին, օգտագործում երաժշտական գործիքներ, որոնք զարգացնում են մարմինն ու հստակեցնում շարժումները:
«Մեր մեթոդի սկզբունքն այն է, որ ստեղծում ենք բացարձակ բաց տարածք, որտեղ մեծ թվով գործիքներ են գտնվում։ Մենք երեխային ազատություն են տալիս, թողնում ենք նրան, և նա ինքն իր մեջ հնարավորություններ է գտնում ազատվելու, այդ գործիքներով ազատ, բաց տարածության մեջ հարմարվելու համար։ Եվ միայն դրանից հետո սկսում ենք ուղեկցել նրան»,-ասում է նա։
Յուրաքանչյուր երեխա, նրա խոսքով, իր սեփական գործընթացն է ընտրում, իսկ ուսուցիչները միայն ուղղորդում են այն։ Չալաևը երեխաներին իր շուրջն է հավաքում և նրանց հետ տարբեր երաժշտական գործիքներ նվագում՝ թմբուկներ, զանգակներ, հնդկական ֆլեյտա:
Կամիլ Չալաև
© Sputnik / Aram Nersesyan
Հատկապես աուտիզմ և Դաունի համախտանիշ ունեցող երեխաների համար նա ստեղծում է հայելային գործիքներ, որոնք կարող են միաժամանակ երկու հոգով նվագել:
«Ամեն ինչ շատ պարզ է․ աշխարհը որոշակի դիալեկտիկայի մեջ է, մարդը համաչափ է, նա ուղեղի երկու կիսագունդ ունի։ Առանձնահատկություններով երեխաներն ուղեղի աջ ու ձախ կիսագնդերի միջև խնդիրներ ունեն, և միասնականության հասնելու, կորսված էությանը վերադառնալու համար ես սկսեցի սպեկուլյար, հայելային գործիքներ ստեղծել։ Այդպիսով ամբողջականության պատկերը կարելի է ստանալ բաժանման միջոցով։ Այդպես կարելի է շփում ապահովել ուղեղի աջ և ձախ կիսագնդերի միջև»,-իր սկզբունքը բացատրում է Չալաևը։
Սոցիալապես չադապտացվող երեխաների համար երաժշտությունը, հնչյունները, ժեստերն ու նվագը հատուկ նշանակություն ունեն: Կամիլ Չալաևի ձայնային և ժեստային թերապիան հանգստացնող ազդեցություն ունի նրանց վրա, ինչի արդյունքում երեխաները դառնում են ավելի հանդարտ, ավելի հեշտ են հարմարվում, սկսում են լսել միմյանց և կապ հաստատել միմյանց հետ։