ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. «Մալաթիա» տոնավաճառի սեփականատերերի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվել և այս պահին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին հայտ է ներկայացվել կատարված աշխատանքներն ամփոփելու և արդյունքում տոնավաճառի գործունեությունը վերսկսելու որոշում կայացնելու մասին։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։
«Այս պահին կարցը քննարկվում է, կարծում եմ` այսօր որոշում կկայացվի։ Այս պահին մաքրման աշխատանքներ են ընթանում,և ամենայն հավանականությամբ,տոնավաճառը կվերսկսկի իր գործունեությունը, սակայն պայմանով, որ հստակ ժամկետներ են տրվելու տոնավաճառի տնօրինությանը, որպեսզի մնացած խախտումները վերացվեն»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` այս պահին, ըստ մասնագետների կողմից ներկայացված եզրակացության, հանրության համար սպառնալիք հանդիսացող խախտումները վերացվել են։
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել էր «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումներից մի քանիսը չէր վերացրել։
Փետրվարի 1-ին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին արել` պահանջելով ժամանակ տալ տնօրինությանը թերությունները վերացնելու համար։ Հետո նրանք գնացել էին ԱԻՆ` պարզելու, թե ինչպես կարող են իրենց խնդրին լուծում տալ։
Նույն օրը կայացել էր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի, ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետների հանդիպումը «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և այնտեղ գործունություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։ Որոշվել էր, որ սեփականատերը` ՏՄ համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ միջոցառումներ իրականացնի արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար։ Այդ միջոցառումներն իրականացնելուց հետո միայն կքննարկվեն տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։
Փետրվարի 6–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանն ասել էր, որ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի առաջնահերթ պահանջներն արդեն կատարվել են։ Տեսչականից, նրախոսքով, 6 ամիս ժամանակ են տվել, որպեսզի մնացած հանձնարարությունները կատարվեն ու խնդիրները վերացվեն։ Դրանցից են ծխատարների, օդափոխության համակարգի, ինչպես նաև ավտոմատ ջրի ցնցուղների տեղադրումը։