ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը չի հասկանում` ինչպես կարելի էր գոնե չցավակցել Իրանին, երբ այնտեղ երկրաշարժ էր եղել, իսկ Թուրքիային ցավակցել ու փրկարարներ ուղարկել։ Նա այս մասին ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Ինչպե՞ս կարելի է չցավակցել Իրանին, իսկ Թուրքիայի հետ սիլի-բիլի անել։ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի մասնակցության մասին, Թուրքիային դատապարտող այս մարդու (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,– խմբ.) մի քանի տասնյակ ասածներն ու այսօրվա վարքագիծն ամբողջությամբ հակասում են իրար։ Երկրաշարժ է, բնական աղետ է, մարդիկ են զոհվում, բայց այդ մարդը պետք է հիշի, թե ինչ էր ասում։ Երկրաշարժ եղավ նաև Իրանում։ Չեմ հիշում, որ նրանք անգամ ցավակցություն հայտնեն այդ մասով։ Այժմ փրկրարարական խումբ են ուղարկում։ Սա նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, հանձնվել են ու պատրաստ են 4 կողմով հանձնվել»,– նշեց Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ անձամբ ինքը դեմ չէ հումանիտար օգնությանն ու փրկարարներին Թուրքիա ուղարկելուն, բայց չի կարելի այսօր մի բան ասել, հետո մեկ այլ քայլ անել։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։
Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության վերջին թվյալների` երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37011–ի։
Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։
Հայաստանի Հանրապետությունը 29 փրկարար ուղարկել է Սիրիա, 27–ը՝ Թուրքիա։ Նրանք աջակցելու են երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։