ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. 2022 թվականի ամռանը «Հյուսիսային հոսքերի» պայթեցումը դիվերսիա էր, և դրան մասնակցել են մի քանի երկրներ։ Այս հայտարարությունն արել է ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը։
Հերշը կարծում է, որ պայթուցիկը տեղադրել են ամերիկացի ջրասուզակները, իսկ ակտիվացրել են նորվեգացիները։ Ընդ որում՝ ԱՄՆ ՌԾՈւ-ն առաջարկել է սուզանավ օգտագործել «Հյուսիսային հոսքերի» վրա հարձակվելու համար, իսկ ՌՕՈւ-ն՝ հեռահար պայթուցիչով ռումբեր։
«Անցյալ ամռանը ռազմածովային ուժերի ջրասուզակները, գործելով ՆԱՏՕ-ի զորավարժությունների քողի տակ, որոնք հայտնի են որպես Baltops 22, տեղադրել են հեռակառավարվող պայթուցիկ սարքեր, որոնք երեք ամիս անց ոչնչացրին Հյուսիսային հոսքի չորս խողովակաշարերից երեքը», - գրում է Հերշը:
Ռուսաստանի ներկայացուցիչները տարբեր մակարդակներում ասել են, որ «Հյուսիսային հոսքերը» պայթեցվել են հատուկ ծառայությունների մասնակցությամբ: Սակայն դիվերսիայի մասնակից երկրները չէին նշվել։
Հերշը նաև պնդում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը որոշել է դիվերսիա իրականացնել «Հյուսիսային հոսքերում»՝ ազգային անվտանգության թիմի հետ ավելի քան 9 ամիս գաղտնի քննարկումներից հետո։ Փաստորեն դա նշանակում է, որ Վաշինգտոնում դիվերսիայի քննարկումը սկսվել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության սկսվելուց գրեթե վեց ամիս առաջ:
Նրա խոսքով՝ վաշինգտոնյան քննարկումների գլխավոր հարցը եղել է այն, թե ինչպես ապացույցներ չթողնել։ Ըստ լրագրողի` «Հյուսիսային հոսքերում» դիվերսիայի նախապատրաստմանը մասնակցել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Բայդենը լիազորել է Ջեյք Սալիվանին միջգերատեսչական խումբ հավաքել դիվերսիոն ծրագիրմշակելու համար։ 2021 թվականի դեկտեմբերին Սալիվանը նորաստեղծ աշխատանքային խմբի հանդիպում է հրավիրել», - գրել է Հերշը։
Գործընթացին քաջածանոթ աղբյուրի խոսքով՝ մասնակիցների համար պարզ է դարձել, որ Սալիվանն ուզում է, որ խումբը «Հյուսիսային հոսքի» երկու խողովակաշարերը ոչնչացնելու ծրագիր մշակի, և որ նա կատարում էնախագահ Բայդենի ցանկությունները:
Հերշը գրում է, որ 2022 թվականի սկզբին ԿՀՎ աշխատանքային խումբը Սալիվանի միջգերատեսչական խմբին ասել է հետևյալը. «Մենք խողովակաշարերը պայթեցնելու միջոց ունենք»։
Հոդվածագիրը նշում է, որ Սպիտակ տանը և ԿՀՎ-ում մեկնաբանություն տրամադրելու խնդրանքին ի պատասխան ասել են, որ «Հյուսիսային հոսք» գազատարների դիվերսիային Վաշինգտոնի մասնակցության մասին հաղորդագրությունները սուտ են։
Հարկ է նշել, որ Substack կայքում Հերշի էջը, որտեղ հրապարակվել է «Հյուսիսային հոսքերում» դիվերսիային ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ հետաքննությունը, ստեղծվել է մի քանի ժամ առաջ։ Հղումը Twitter-ի իր էջում հրապարակել է հետաքննող լրագրող Մեթ Թաիբին։ ՌԻԱ Նովոստին մեկնաբանություն ստանալու և հոդվածը ստուգելու խնդրանքով դիմել է Հերշին։ Կարճ ժամանակ անց լրագրողըգործակալությանը հաստատել է հոդվածիիսկությունը։
Սեյմուր Մայրոն Հերշն ամերիկացի լրագրող, իրավապաշտպան, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր է, Լայպցիգի լրատվամիջոցների հիմնադրամի ազատ մամուլի զարգացման գործում ունեցած ավանդի համար մրցանակի դափնեկիր, Ռիդենաուրի մրցանակի դափնեկիր (2005):
Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների տեղեկությունների համաձայն`գազի երկու արտահոսք էր եղել «Հյուսիսային հոսք–1»–ում և մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք–2»–ում Բորնհոլմ կղզու շրջանում։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չէին բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։
«Հյուսիսային հոսք–1»–ի օպերատոր «Nord Stream 2 AG»–ն հայտարարել էր, որ միջադեպերն աննախադեպ են, վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։ Կրեմլը տեղի ունեցածը որակել էր աննախադեպ դիվերսիա, ըստ էության միջազգային ահաբեկչություն։
«Հյուսիսային հոսքի» աշխատանքը դադարեցվել էր օգոստոսի վերջից՝ Արևմուտքի պատժամիջոցներով պայմանավորված՝ «Siemens» տուրբինների վերանորոգման խնդիրների պատճառով։ Սակայն գազատարը լցված էր վառելիքով։ 2021 թվականին ավարտին հասցված, սակայն այդպես էլ շահագործման չհանձնված «Հյուսիսային հոսք–2»–ը ևս արդեն լցված էր գազով։
ՌԴ գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության վերաբերյալ քրեական գործի հարուցում է նախաձեռնել։