ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԵՄ առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն և երկարաժամկետ խաղաղության գործում։ Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ այս հայտարարարությունն արեց Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանը։
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է այս առաքելության կարևորությունը, սակայն ուզում եմ տեղեկացնել, որ այն որևէ կերպ ստատուս քվո չի երաշխավորում»,- ասաց նա։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ընդգծեց ԵՄ առաքելության կարևորությունը` ասելով , որ ԵՄ-ն, ինչպես և ամբողջ միջազգային հանրությունը շատ լուրջ դեր ունեն խաղալու և՛ Լեռնային Ղարաբաղի իրավունքների ու անվտանգության ապահովման հետագա քննարկման, և՛ առկա բլոկադայի վերացման հարցում։
Ըստ նրա` ճանապարհը մեկն է՝ խաղաղ բանակցություններ և դիվանագիտական աշխատանք։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի կայունությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին: