ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Փետրվարին Հայաստանն Աբու Դաբիում կմասնակցի IDEX պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Աբու Դաբիում անցկացվող ցուցահանդեսին Հայաստանն իր տաղավարը կունենա։ Մասնակցության նպատակը ոչ միայն ՀՀ–ն ներկայացնելն է, այլ նաև ծանոթանալը, թե աշխարհում ինչ նոր զարգացումներ կան, ինչ նոր բարձր տեխնոլոգիական լուծումներ կան ռազմաարդյունաբերական և ռազմատեխնիկական ոլորտում»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` ՀՀ–ն տարբեր միջոցառումների է մասնակցում` թե դրսում անցկացվող, թե ՀՀ–ում միջազգային գործընկերների հետ է հանդիպումներ ունենում։ Դրանց միջոցով, ըստ Խաչատրյանի, փորձում են ձեռք բերել նոր գործընկերներ, որոնց հետ էլ առանձին ուղղություններով փորձում են համագործակցությունը զարգացնել։
Հիշեցնենք` IDEX 2021 միջազգային ցուցահանդեսին ՀՀ–ն ներկայացված էր միայն բուկլետներով։ Հարցն այն է, որ ցուցանմուշները ժամանակին տեղ չէին հասել։
Նշենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի 2021 թվականի փետրվարի 24-ի հրամանով` ծառայողական քննություն էր նշանակվել 2021 թվականի փետրվարի 21-25-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով: