ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հաշմանդամության համար առաջին անգամ դիմող շուրջ 17.000 քաղաքացի բժշկասոցիալական փորձաքննություն կանցնի այս տարի։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Միջինում տարեկան մենք փորձաքննում ենք 50 հազար մարդու և նրանց 1/3-ն առաջին անգամ դիմողներ են։ Այս տարի շուրջ 17.000 մարդ կփորձաքննվի առաջին անգամ»,– ասաց Մկրտչյանը։
Նա հիշեցրեց, որ այս տարվանից այդ փորձաքննությունները նոր համակարգով են իրականացվելու, քանի որ անցում է կատարվում անձի ֆունկցիոնալության կարողությունների ուսումնասիրության։ Դրա շրջանակում ստեղծվել է մասնագետների ռեեստր, որտեղ կան բժիշկներ և հարբժիշկներ, որոնք վերապատրաստումներ են անցել։
Այս պահին 43-ական երիտասարդ բժիշկ և հարբժիշկ դիմել են, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռվի անձի ֆունկցիոնալության կարողությունների ուսումնասիրություններ կատարելու համար։ 2024 թվականից էլ կսկսվեն վերափորձաքննությունները։