ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանը պաշտոնապես նախնական հայտ է ներկայացրել 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնյան խաղեր հյուրընկալելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Խաղերին կարող է մասնակցել մինչև 4000 մարզիկ հինգ տասնյակ երկրից»,–նշել է Հարությունյանը:
Ֆրանկոֆոնյան խաղերն անցկացվում են 1989 թվականից սկսած` յուրաքանչյուր չորս տարին մեկ։
Դրանք գեղարվեստական և սպորտային իրադարձություններ են, որոնք կազմակերպվում են հիմնականում ֆրանսախոս ժողովուրդների համար:
Հայաստանն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) 2004 թվականից սկսած և 2012 թ-ից արդեն ՖՄԿ լիիրավ անդամ է:
2012 թ. հոկտեմբերի 12-ին Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ կնքել է լեզվական պակտ, որը հանդիսանում է պայմանագրային փաստաթուղթ` կնքված ՖՄԿ-ի և նրա լիիրավ կամ ասոցացված անդամ այն երկրների միջև, որտեղ ֆրանսերենը պաշտոնական լեզու չէ:
2017թ–ին Կոտ դՙ Իվուարում անցկացված Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են մեկ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ, որոնցից վեցը՝ ազատ ոճի ըմբշամարտում: