Հայաստանի շախմատի հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնություններին

Շախմատ
Շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը կանցկացվի Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում, իսկ տղամարդկանց առաջնությունը` Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնություններին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նշվում է, որ Շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը կանցկացվի մարտի 18-29-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանից մասնակցության հայտ են ներկայացրել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
4 հայ տղամարդ և 3 կին է ընդգրկվել ՖԻԴԵ–ի վարկանիշային ցանկի թոփ 100–յակում
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը կանցկացվի Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում: Հայաստանից դեռևս 13 շախմատիստներ են մասնակցության հայտ ներկայացրել՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, միջազգային վարպետներ Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ալեքս Սահակյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Սարգիս Մանուկյանը:
Եվրոպայի անհատական առաջնությանը նախապատրաստվելու նպատակով Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 13-27-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արզնիում: