ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը կրճատել է Տալլինում իր դեսպանատան աշխատակիցների թիվը, ՌԴ դեսպանը երեկ լքել է Էստոնիան։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հայտնել է Էստոնիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Տիսլեր–Լավրենտևը։
«ՌԴ դեսպանատունը կատարել է Էստոնիայի ԱԳՆ–ի նոտայով սահմանված պահանջները։ ՌԴ դեսպան Վլադիմիր Լիպաևը երեքշաբթի լքել է Էստոնիան», – ասել է Տիսլեր–Լավրենտևը ERR հեռուստառադիոհեռարձակման պետական պորտալին` հավելելով, որ Ռուսաստանում Էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեն ևս երեքշաբթի մեկնել է Մոսկվայից։
Նա նշել է, որ մինչև փետրվարի 1-ը ՌԴ դեսպանատան աշխատակիցների թիվը պետք է կրճատեին` հասցնելով մինչև 8 դիվանագետի և ադմինիստրատիվ, տեխնիկական և սպասարկող անձնակազմի 15 անդամի։ Մինչև փետրվարի 1-ը Տալլինում ՌԴ դեսպանատանը 21 դիվանագետ և 23 գործուղված ծառայող էր աշխատում։
Ավելի վաղ Էստոնիայի ԱԳՆ–ն ՌԴ դեսպանին տեղեկացրել էր, որ Ռուսաստանը պետք է մինչև սույն թվականի փետրվարի 1-ը կրճատի Տալլինում իր աշխատակիցների քանակը։ Նախարարությունը նշել էր, որ որոշման նպատակը ՌԴ–ի և Էստոնիայի ներկայացուցչություններում թվաքանակի հավասարության հասնելն է։ Նախորդ գարնանը Նարվայում և Տարտուում փակվել էին ՌԴ հյուպատոսական ներկայացուցչությունները։
Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ նվազեցնում է Էստոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։
Հայտարարության մեջ նշվում էր, որ Էստոնիան ոչ բարեկամական քայլ է ձեռնարկել` կրճատելով Տալլինում ՌԴ դեսպանատան կազմը, ինչը հաստատում է երկրների միջև հարաբերությունների խզման գիծը։
Ռուսական կողմը որպես պատասխան միջոց որոշել էր դիվանագիտական ներկայացուցչի մակարդակը հասցնել ժամանակավոր հավատարմատարի մակարդակի, Էստոնիայի դեսպանին հրահանգվել էր փետրվարի 7-ին լքել Մոսկվան։ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտնել էր, որ ՌԴ դեսպան Վլադիմիր Լիպաևը Լայդրեի հեռանալու հետ միաժամանակ պետք է լքի Էստոնիան։