Դեսպան Ներսեսյանը Լեո Դոհերթին ներկայացրել է ԼՂ–ում տիրող հումանիտար ծանր ճգնաժամը

Վարուժան Ներսեսյանն ու Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակից Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթը
ՀՀ դեսպանն ընդգծել է Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման վնասակար ազդեցությունը, որը շարունակում է խաթարել Հայաստանի ջանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր ճգնաժամային իրավիճակը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակից Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթին։ Տեղեկությունը հայտնում են Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից:
«Դեսպանն ընդգծել է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Լաչինի միջանցքով անարգել երթևեկության վերականգնմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դեսպանն ընդգծել է Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման վնասակար ազդեցությունը, որը շարունակում է խաթարել այդ ջանքերը։
Բացի այդ, Ներսեսյանը ընդգծել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կարևորությունը, որը հիմք կդնի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։