Աճել է հայրենադարձության համար դիմումների թիվը. Փաշինյանին հաշվետվություն են ներկայացրել

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
2022 թվականին հայրենադարձության համար ներկայացվել է 8000 դիմում, առաջին անգամ կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. 2022 թվականին աճել է հայրենադարձության համար դիմումների թիվը։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, այս մասին զեկուցել են Նիկոլ Փաշինյանին, որն այսօր այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ` կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու։
Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ գրասենյակը նախորդ տարվա ընթացքում աշխատանք է իրականացրել 4 ուղղությամբ՝ հայրենադարձության խթանում և ինտեգրում, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացում, Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգի ձևավորում և սփյուռքի համայնքների ներուժի վերհանում:
«2022թ. աճել է հայրենադարձության համար դիմումների թիվը. ներկայացվել է 8000 դիմում, առաջին անգամ կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, որի մասնակիցների թիվը հասել է 240-ի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զեկուցվել է, որ սփյուռքահայ ընտանիքներին տրամադրվել են ինտեգրման աջակցության փաթեթներ:
Ընթացքի մեջ է նաև Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ստեղծումը, որի բացումը նախատեսվում է 2023թ. գարնանը:
Բացի այդ, 2022թ. առաջին անգամ անցկացվել է Համաշխարհային հայկական գագաթաժողովը՝ 45 երկրից 600 մասնակցով: Հաջող իրականացվում են «իԳործ», «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը:
Մշակվել և շրջանառվել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մշակվել է նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունը: Նշված փաստաթղթերն առաջիկա ամիսներին կներկայացվեն Կառավարության քննարկմանը:
Պետգույքի մասնավորեցման պահանջարկն ավելացել է. Փաշինյանը հանձնարարել է հարթակ մշակել
Վարչապետն իր հերթին կարևորել է հայրենադարձությունը խթանող ծրագրերը և հանձնարարել է աշխատանք սկսել հայրենադարձության հայեցակարգի մշակման ուղղությամբ: «Համաշխարհային հայկական գագաթաժողովի ձևաչափը ևս սփյուռքի հետ հարաբերությունների փոխակերպման լավ հարթակ է, և այն պետք է զարգացնել», -ասել է Փաշինյանը:
Վարչապետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է սփյուռքից բարեգործական նախաձեռնությունների համակարգման գործընթացի վրա և հանձնարարել հետևողական լինել այդ հարցում:
Ջրային կոմիտեն 2022–ի կատարած աշխատանքները ներկայացրել է վարչապետին