6 դատավորների պաշտոնավարումը այսօրվանից դադարեցվել է. ԲԴԽ

ԲԴԽ շենքի ցուցանակը
Լիազորությունները կասեցված դատավորները կընդգրկվեն ռեզերվային ցուցակներում, իսկ նրանց փոխարեն կնշանակվեն այլ դատավորներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ լիազորությունները կասեցված 6 դատավորներ այսօրվանից դադարել են պաշտոնավարել:
Տեղեկությունը հայտնում են ԲԴԽ լրատվական ծառայությունից։
Այդ դատավորներն են՝ Արա Կուբանյանը, Գևորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Աղվան Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյանը:
Օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը:
«Մինչ կատարված փոփոխությունները՝ լիազորությունները կասեցված դատավորների հաստիքները չէին համարվում թափուր, և նրանց փոխարինելու մեխանիզմներ չկային, ինչը դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում հանգեցնում էր մինչև անգամ ճգնաժամային իրավիճակների»,-նշված է հաղորդագրության մեջ:
Լիազորությունները կասեցված դատավորները կընդգրկվեն ռեզերվային ցուցակներում, իսկ նրանց փոխարեն կնշանակվեն այլ դատավորներ:
Վերը նշված օրենսդրական փոփոխությունները քննարկվել և մշակվել են դեռևս 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովների ընթացքում՝ ՀՀ-ում գործող ավելի քան 250 դատավորների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: