2022-ին բեռնատար ավտոմեքենաների կշռման կայաններում արձանագրվել է 1800 իրավախախտում

Բեռնատար ավտոմեքենայի կշռում. Արխիվային լուսանկար
Տեսչական մարմնից պարզաբանել են, որ վերահսկողության խստացումը կապված է անվտանգության կանոնների ապահովման հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. 2022 թվականի հինգ ամիսների ընթացքում Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկել են շուրջ 23.000 ծանրաքարշ տրանսպորտային միջոց, որի արդյունքում արձանագրվել են 1800 իրավախախտում։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։
«2022 թվականն առանձնանում է նրանով, որ առաջին կիսամյակից հետո գործարկվեցին ծանրաքարշ տրանսպորտային միջոցների կշռման կայանները, որը հնարավորություն տվեց տրանսպորտային անվտանգության ոլորտում էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը»,–ասաց Խաչատրյանը։
Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ 2022 թվականին հաստատված ծրագրերի շուրջ 80%-ը կատարել են, մնացածը կկատարեն 2023 թվականին։
Հրդեհային անվտանգության մասով իրականացվել է շուրջ 1500 ստուգում և հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է շուրջ 8000 խախտում։
Փաշինյանը քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել
Ինչ վերաբերվում է քաղաքաշինության ոլորտին, տեսչական մարմնի կողմից 2022 թվականին ուսումնասիրվել են շուրջ 3000 շինարարության ավարտական ակտերի հայտեր, որոնցից 1300–ի մասով տրվել է բացասական եզրակացություն` արձանագրված խախտումների հիմքով։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանն էլ իր հերթին հայտնեց, որ խախտումները հիմնականում արձանագրվում են նախկինում կառուցված շենք–շինություններում։
«Խախտումները հիմնականում նույնաբովանդակ են. օրինակ հարակից հասարակական նշանակության շինությունների հետ միջտարածությունների խախտումներ, իսկ բենզագազալցակայանների դեպքում ` օբյեկտի ներսում միջտարածությունների խախտումներ և վերգետնյա պահուստարանների առկայություն»,–ասաց նա։
Պապիկյանի խոսքով` հանրային օբյեկտների շինություններում խախտումները հիմնականում կապված են տարհանման ելքերի, ներքին և արտաքին ջրացանցերի բացակայության, հրդեհաշիջման առաջնային միջոցների, ծխատարերի, օդափոխության համակարգերի բացակայության հետ։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը հավելեց, որ հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած դժբախտ պատահարները, հետագայում դրանցից խուսափելու, կրկնման դեպքում մարդկային զոհերից խուսափելու համար տեսչական մարմնի մոտեցումը ամբողջությամբ փոխվել է։ Եթե նախկինում արձանագրված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում էին կարգադրագրեր և սահմանվում ժամկետներ, այդ խախտումները վերացնելու համար, ապա ներկայումս, եթե արձանագրված խախտումների համադրությամբ կարելի է ենթադրել, որ առկա է հանրության անվտանգությանը սպառնացող ռիսկ , տեղում կայացվում է որոշումներ այդ օբյեկտների գործունեությունը դադարեցնելու համար մինչև արձանագրված խախտումների ամբողջական վերացումը։