ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը մեղադրել է երկրում արգելված Քրդիստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) Սիրիայի հետ սահմանի անցակետի վրա հարձակվելու համար` նշելով, որ նրանք օգտվել են ավերիչ երկրաշարժի հանգամանքից: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Վերջին տվյալների համաձայն` մահացել է 2921, տուժել` 15834–ը։
«ՔԱԿ /YPG ահաբեկչական կազմակերպությունը, որը զուրկ է մարդասիրության զգացումից, օգտվել է երկրաշարժից և Թել Ռիֆաթից բազմափող հրթիռային կայանքից ստոր հարձակում է գործել մեր սահմանապահ Öncüpınar կետի պատասխանատվության գոտում։ Չնայած մեր զորքերը չեն տուժել և կորուստներ չեն կրել, ահաբեկիչների օբյեկտներին պատասխան հարված է հասցվել», - Twitter-ում գրել է ռազմական գերատեսչությունը։
ՔԱԿ-ի հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984-ին և վերսկսվել 2015-ին։ Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի ռազմակայանները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն պարբերաբար օդային և ցամաքային գործողություններ է իրականացնում։