Թուրքիայում առավոտյան հերթական երկրաշարժն է գրանցվել. երեկվա տարերքի զոհերի թիվն աճել է

Թուրքիայի երկրաշարժի հետևանքները
Ստորգետնյա տարերքի օջախը գտնվել է ընդամենը երկու կիլոմետր խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թուրքիայի կենտրոնական շրջանում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է այսօր գրանցվել։ Տեղեկությունը հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Նրանց տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 03.13-ին (Երևանի ժամանակով 07.13-ին):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գելբաշի շրջանից 5 կմ հեռավորության վրա։ Այն եղել է երկու կիլոմետր խորության վրա։
Թուրքիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի, վիրավորվել՝ 15 834-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Իսկ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1444 մարդու մահվանը, այդ թվում՝ Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներում։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին, ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք հարյուրավոր մարդկանց կյանքեր են խլել։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։