Փորձագետները կգնահատեն Սիրիայում ու Թուրքիայում տուժած օբյեկտների վնասը. ՅՈւՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոն
Դիարբեքիրի ամրոցը, Թուրքիայի Հևսելի այգիները և Սիրիայի Հալեպի միջնաբերդը ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՅՈւՆԵՍԿՕ-ն իր փորձագետներին կներգրավի` գնահատելու այն վնասները, որոնք երկրաշարժի հետևանքով հասցվել են Սիրիայի և Թուրքիայի մշակութային ժառանգության օբյեկտներին: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության մամուլի կցորդ Թոմա Մալարը:
Գազիանթեփի պատմական բերդը, Դիարբեքիրի բերդը և Հևսելի այգիները, ինչպես նաև Սիրիայի Հալեպի միջնաբերդը տուժել են երեկառավոտյան տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Դրանցից Դիարբեքիրի բերդը, Հևսելի այգիները Թուրքիայում և Սիրիայի Հալեպի միջնաբերդը ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտներ են։
«ՅՈւՆԵՍԿՕ-ն իր գործընկերների հետ կներգրավի իր փորձագետներին, ինչպես, օրինակ, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը, վնասների ճշգրիտ գնահատական տալու համար՝ այդ օբյեկտների արագ պաշտպանության ու կայունացման նպատակով»,-ասել է կազմակերպության մամուլի կցորդը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Նույն օրը, Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին, ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 3000–ի սահմանը, Սիրիայում 1000–ից ավելի մարդիկ են մահացել։