ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը»,– ասված է հաղորդագրությունում:
Էրդողանը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 4500–ի սահմանը, Սիրիայում մոտ 1500 մարդ է մահացել։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: