Փաշինյանն ու Ասադը պայմանավորվել են` Հայաստանը նաև սնունդ կուղարկի Սիրիա

Նիկոլ Փաշինյան
Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվելիք օժանդակության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանը նաև սնունդ կուղարկի Սիրիա։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի հեռախոսազրույցի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանն իր և ՀՀ կառավարության անունից ցավակցություններ է փոխանցել բարեկամ Սիրիայի նախագահին և ժողովրդին՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի շղթայի պատճառած մեծաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ, շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին և նշել, որ Հայաստանը պատրաստվում է աջակցել Սիրիային՝ զորավիգ լինելու երկրաշարժից տուժած բնակչության ծանր կենսական պայմանները թեթևացնելու և աղետի հետևանքները վերացնելու հարցում:
Բաշար Ալ Ասադը շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ իրենց համար այս պահին առաջնային խնդիրը կապված է սննդի հետ:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ, ինչպես նաև այլ տեսակի օգնություն»,– ասված է հաղորդագրությունում:
Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվելիք օժանդակության համար և հույս հայտնել, որ նաև Հայաստանի Հանրապետության օգնությամբ հնարավոր կլինի հնարավորինս արագ հաղթահարել երկրաշարժի ծանր հետևանքները:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 4500–ի սահմանը, Սիրիայում մոտ 1500 մարդ է մահացել։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: