ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Ֆրանսիայի մայրաքաղաքում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ զանգվածային ցույց է սկսվել, տասնյակ հազարավոր մարդիկ Փարիզի օպերայի շենքից երթով շարժվում են դեպի Բաստիլի հրապարակ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Երթի մասնակիցները կրում են ֆրանսիական առաջատար արհմիությունների (CFDT, CGT, FO, CFE-CGC, CFTC, Unsa, Solidaires, FSU) պաստառներ, վանկարկում են «Թոշակ՝ 60 տարեկանում», «Մակրոն, ձեռքերդ հեռու մեր կենսաթոշակներից», «Չկա բարեփոխում առանց համընդհանուր հավանության», «Բարձրացրեք աշխատավարձերը, ոչ թե կենսաթոշակային տարիքը»:
Ավելի վաղ ցույցեր էին սկսվել նաև Ֆրանսիայի Ռենն, Մոնպելյե, Մարսել, Բորդո և Ստրասբուրգ քաղաքներում: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում երեքշաբթի օրը ավելի քան 200 ցույց կանցկացվի։
Նախօրեին երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել էր, որ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի կարգուկանոնին կհետևեն 11 հազար ոստիկաններ, որոնցից 4 հազարը՝ Փարիզում:
Ցույցերն ուղեկցվում են տնտեսության մի շարք ոլորտներում գործադուլներով։ Խափանվել է գնացքների երթևեկությունը Փարիզի մետրոյում, մերձքաղաքային էլեկտրագնացքներում և արագընթաց միջքաղաքային գնացքներում։ Total Energies նավթամշակման գործարանների աշխատակիցների կեսից ավելին նույնպես մասնակցում են գործադուլին, ինչի պատճառով այսօր Ֆրանսիայում խափանվել է նավթամթերքի արտադրությունը:
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հունվարի 10-ին ներկայացրել էր վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որը կառավարությունը նախատեսում է ընդունել 2023 թվականին։ Նրա խոսքով՝ իշխանությունները 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կսկսեն երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնել տարեկան երեք ամսով։ Այսպիսով մինչև 2030 թվականն այն կհասնի 64 տարեկանի: