Մեր հարևան երկիրը դեռևս պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահն ընդունել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին։ Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի թեմային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ցավոք, մեր հարևան երկիրը դեռևս պատրաստ չէ կամ, համենայն դեպս, իր գործողություններով ապացուցում է, որ պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար ԵՄ դիտորդներ Հայաստան ուղարկելու վերաբերյալ»,–ասել է նախագահը:
Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամին և այն հնարավորինս արագ հանգուցալուծելու կարևորությանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն խոսել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորություններից: Կարևորվել է տնտեսական ոլորտում չօգտագործված ներուժի իրագործմանն ուղղված քայլերի ձեռնարկումը և նշվել է, որ փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացվել, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, զբոսաշրջության և այլ բնագավառներում: