ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ավերիչ երկրաշարժերից հետո ՄԱԿ-ը 25 միլիոն դոլար է հատկացրել Սիրիային և Թուրքիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Երեկ Թուրքիան և Սիրիան ցնցած բազմաթիվ երկրաշարժերից հետո ՄԱԿ-ը 25 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել, որպեսզի օգնի մարդասիրական արձագանքման միջոցառումների մեկնարկին», - ասել է Դյուժարիկը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ավելի վաղ միջազգային հանրությանը կոչ էր արել օգնություն ցուցաբերել տարերային աղետից տուժած երկրներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 4500–ի սահմանը, Սիրիայում մոտ 1500 մարդ է մահացել։