Կա գնաճի բավականին բարձր մակարդակ, որի պատճառով թանկանում է հատկապես այն պարենամթերքը, որը ցածր եկամուտ ունեցող անձանց սպառման հիմնական զամբյուղի մեջ է ներառվում, այսինքն` այս գնաճը առավելապես հարվածում է խոցելի խմբերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը` մեկնաբանելով այն իրողությունը, որ ՀՀ–ում սպառողական զամբյուղի արժեքը թանկացել է ու գերազանցել նվազագույն աշխատավարձի չափը։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը Հայաստանում թանկացել է ու նախորդ տարվա չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է 77 հազար 740 դրամ՝ ամսական կտրվածքով և գերազանցել նվազագույն աշխատավարձի (75 հազար դրամ) չափը։ Իսկ 2021 թվականի չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 71 հազար 570 դրամ` ամսական կտրվածքով:
«Եթե ելնում ենք այն իրողությունից, թե արդյոք նվազագույն աշխատավարձը կբավարարի նորմալ կամ նվազագույն կենսագործունեություն ապահովելու համար, ապա պետք է նախ հիմք ընդունենք նվազագույն պարենային զամբյուղի արժեքը, որն իսկապես ինչ–որ ընդունելի կենսամակարդակի մասին չի խոսում, պարզապես հնարավորություն է տալիս, որ ամենամինիմալ պարենային պահանջմունքները բավարարվեն»,– ասաց Քթոյանը։
Նա նշեց, որ սպառողական զամբյուղի ցուցանիշը ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և կալորիականության տրամաբանությամբ հաշվարկված արժեքն է, որը ելնում է օրական 2400 կլիոկալորիա սպառելու շեմից կամ անհրաժեշտությունից։ Այդ կերպ հաշվարկելու պարագայում նախ գնահատվում է պարենային զամբյուղի արժեքը, որն ամսական կազմում է 42000 դրամ նույն չորրորդ եռամսյակի գներով, և հետո դրա նկատմամբ կիրառվում է 1,80 գործակից, ինչի արդյունքում ստացվում է սպառողական զանբյուղի արժեքը` 77 հազար 740 դրամ։
Անդրադառնալով այն հարցին, որ ավելի քան 31 հազար դրամ ստացող մեր կենսաթոշակառուներն ըստ էության թերսնվում են, քանի որ պարենային զամբյուղի արժեքը կազմում է 42 հազար դրամ, տնտեսագետն ընդգծեց, որ առկա պայմաններում, եթե չկան եկամուտների այլ աղբյուրներ, կենսաթոշակառուներն աղքատությունից դուրս գալու հնարավորություն չունեն։
«Եթե սպառողական զամբյուղը հաշվարկվում է ըստ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների, այսինքն` փաստացի սպառման արդյունքների, ապա սպառողական զամբյուղը կազմում է 72 հազար դրամ, որը գրեթե նվազագույն աշխատավարձի չափ է։ Դա նույնպես վկայում է սոցիալական լուրջ խնդրի առկայության մասին»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
Քթոյանի դիտարկմամբ` սոցիալական երաշխիքները տրամադրվում են ըստ պետբյուջեի հնարավորությունների։ Ավելին ունենալու համար պետք է ավելի շատ եկամտահարկեր հավաքվեն` հաշվի առնելով եկամտահարկ վճարող և կենսաթոշակ ստացող անձանց հարաբերակցությունը, որը շարունակում է գտնվել կրիտիկական տիրույթում, երբ 100 կենսաթոշակառուի թոշակը ձևավորվում է 110-120 աշխատողի եկամտահարկի հաշվին։