ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 2-րդ միջնորդության քննարկումը անցկացվեց փակ դռների հետևում։ Այս մասին Սիմոնյանը հայտնեց ԱԺ ճեպազրույցի ժամանակ։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ այն, ինչի մասին խոսվել է և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո, շատ հետաքրքիր պատասխաններ են ունեցել քննարկման ժամանակ։
ԱԺ նախագահը չի կարծում, որ ընդդիմության որևէ գործողություն վերջին ակցիաներից հետո կարող է Հայաստանի ժողովրդին որևիցե բանից շեղել:
«Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում ու իրենց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների ու թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ ու օրակարգեր ձևավորելու վրա: Կարող եմ իրենց հանգստացնել՝ եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական խնդիրներից Հայաստանի ժողովուրդը չի շեղվի, թող իրենց չգերագնահատեն»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Սուրեն Պապիկյանի նկատմամբ գործ չի հարուցվում` չէ՞ որ նա էլ է զորամաս օտարել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե հանցակազմ լինի որևէ մեկի վրա, լինի դա Սուրեն Պապիկյանը, թե Ալեն Սիմոնյանը, քրեական գործ կհարուցվի»։
Նա հավելեց, որ այդ հարցը ճիշտ մարդու չեն ուղղում, քանի որ ԱԺ նախագահը իրավունք չունի հանցակազմ գտնելու ու քրեական գործ հարուցելու։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։
Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։