ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ—ում տնտեսական ակտիվության 14.2 տոկոս աճի շուրջ 3/4-րդ մասն արձանագրվել է ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված ազդեցությունները։ Այս մասին ազգային ժողովում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը` կասկածի տակ դնելով իշխանությունների այն թեզը, թե իրենց աշխատանքի շնորհիվ են 2022 թվականի տնտեսական ձերքբերումները։
Նշենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, թե ՀՀ տնտեսական ակտիվության նման ցուցանիշը վերջին 15 տարում ամենաբարձրն է։
«ՀՀ իշխանություններն իրենց են վերագրում 2022 թվականի տնտեսական արդյունքները։ Սակայն 2022 թվականին միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան կազմել են մոտ 3.6 մլրդ դոլար։ Սա նախորդ տարվանից 4.2 անգամ ավելի է։ Դրամական այս փոխանցումները միայն համարժեք են տարեկան ՀՆԱ–ի առնվազն 20 տոկոսին»,– ասաց Ավետիսյանը։
Նա ընդգծեց, որ ՌԴ–ի հետ առևտրաշրջանառությունը ևս աննախադեպ աճ է գրանցել` 80 տոկոսով, բայց հիմնականում Ռուսաստան արտահանվել է ոչ թե սեփական արտադրանքը, այլ տարբեր երկրներից ներմուծվածը։ Պատգամավորը նաև նշեց, որ մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանի տնտեսական անկումը շուրջ 2.5 անգամ գերազանցել է տարածաշրջանում արձանագրված տնտեսական անկման միջին ցուցանիշը։
«2020 թվականի սկզբից մինչև 2021 թվականի ավարտը ահագնացող գնաճի պայմաններում նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17.500 դրամով` 30 տոկոսով։ Այս ընթացքում նվազագույն աշխատավարձը, անապահովության նպաստը չեն ավելացել, կենսաթոշակի չափն էլ ավելացել է շուրջ 3 անգամ պակաս, քան 1 անձի հաշվով նվազագույն սպառողական ծախսերը։ Սա ինքնին աղքատացմանը նպաստող հիմնական գործոն է։ Այս ամենի հիմնական խնդիրն ակնհայտ է` գնալով խորանում է մեկ անձի իշխանությունն ամեն գնով պահելու շահի ու մեր երկրի արժանապատիվ զարգացման շահերի հակասությունը»,– ասաց Թադևոսյանը։
Հիշեցնենք` Քերոբյանն օրերս հայտնել էր նաև, որ 2022 թվականին բարձրացել է մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը ու հավանական է, որ այն 4627 դոլարից հասնի 6700-6800 դոլարի