Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները բուռն քննարկումներ են ծավալում հանրային տիրույթում։ Թվում է, թե ինչի մասին կարող են վիճել նույն ոլորտի մարդիկ։ Գուցե այն մասին, թե ինչպե՞ս բարձրացնել գործող մեխանիզմների արդյունավետությունը, սպասարկման որակը: Կամ՝ ինչպե՞ս գրավել զբոսաշրջիկներին, ինչպե՞ս բարձրացնել երկրի ճանաչելիությունը, ինչպե՞ս զարգացնել ենթակառուցվածքը:
Այո, իհարկե, սրանք նույնպես ժամանակ առ ժամանակ քննարկվում են, բայց այս անգամ ամեն ինչ մի փոքր ավելի կենցաղային է թվում. տուրօպերատորներին ու զբոսավարներին հանգիստ չեն տալիս Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք հարվածում են կա՛մ մեկի, կա՛մ մյուսի գրպանին։ Ո՞ւմ վրա պետք է ավելի շատ ընկնի հարկային բեռը․ սա միայն առաջին հայացքից է զուտ ոլորտային հարց թվում։ Իրականում փոփոխությունները կարող են լրջորեն և բացասաբար անդրադառնալ ընդհանուր առմամբ ոլորտի հետագա զարգացման վրա։ Բայց, ինչպես ասում են անգլիացիները, first thing first, այսինքն՝ ամեն ինչի մասին հերթով խոսենք։
Բանն այն է, որ բոլոր միկրոձեռնարկատերերը (տարեկան առավելագույնը 24 մլն դրամ շրջանառությամբ – խմբ.) 2019 թվականից ազատված են գրեթե բոլոր հարկերից։
2022 թվականի նոյեմբերին Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո միկրոբիզնեսից ապրանք կամ ծառայություն գնելով մեծ ձեռնարկություն չի կարող հանել այդ ծախսը շահութահարկի իր բազայից։ Այդ պատճառով դե ֆակտո խոշոր բիզնեսի համար նման գործարքները հարկվելու են 18% -ով։
Փոփոխություններն առաջին հերթին ազդել են զբոսաշրջության ոլորտի վրա, քանի որ խոշոր տուրիստական ընկերությունները, որպես կանոն, զբոսավարների հետ կնքում են ծառայությունների մատուցման պայմանագրեր և նրանց վճարված գումարները ներառում ծախսերի մեջ։ Ըստ էության, մինչ այժմ կողմերի համար շահավետ փոխհարաբերություններ էին, բայց այլև այս ձևաչափով աշխատել չի ստացվի, քանի որ կողմերից մեկը պետք է հարկվի։
Բանը հասել է նրան, որ կողմերը սկսել են մեղադրել միմյանց հարկերից խուսափելու մտադրության մեջ։
Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ որոշ խոշոր տուրօպերատորներ, որոնք Հայաստանում այնքան էլ շատ չեն, սկսել են ճնշում գործադրել զբոսավարների վրա, որ նրանք նոր հարկային ռեժիմի անցնեն։
Յաշա Սոլոմոնյան
© Photo : provided by Yasha Solomonyan
Սակայն մեր զրուցակիցը պարզաբանեց, որ ժամանակին, երբ ընդունվեց միկրոձեռնարկությունները հարկերից ազատելու մասին օրենքը, այդ նույն տուրիստական ընկերությունները ստիպեցին էքսկուրսավարներին ԱՁ բացել, որ նրանց հետ պայմանագրային հիմունքներով աշխատեն:
«Զբոսավարները չպետք է հարմարվեն տուրօպերատորների հարկային նախասիրություններին։ Ու եթե մեկ տարի անց նորից ինչ-որ բան փոխվի, զբոսավարները նորից պետք է ինչ-որ բան փոխե՞ն: Դա սխալ է», - կարծում է Սոլոմոնյանը։
Սողոմոնյանի համոզմամբ՝ կարելի է շատ հեշտ լուծելը հարցը՝ բավական է զբոսավարների հետ քաղաքացիա-իրավական պայմանագրեր ստորագրել։ Շատ էքսկուրսավարներ սիրով կընդունեն այդ պայմանները և մեծ ուրախությամբ կվճարեն հարկերը։ Ավելին, նա ասաց, որ գործատուի հետ փոխհարաբերությունների այս ձևը բխում է իրենց իսկ շահերից՝ կենսաթոշակային խնայողությունների տեսանկյունից։
«Սակայն զբոսավարների մեծ մասը հարկային ռեժիմի փոփոխության չի գնա և իր պայմանները կպնդի։ Մտավախություն կա, որ այդ դեպքում ընկերությունները կսկսեն դիմել ոչ բավարար որակավորում ունեցող մասնագետների ծառայություններին, ու ամբողջ ոլորտն անխուսափելիորեն կտուժի դրանից», - ասաց ասոցիացիայի ղեկավարը։
Վլադիմիր Գևորգյան
© Sputnik / Aram Nersesyan
«Լոռե Թրավել» ընկերությունների խմբի տնօրեն Վլադիմիր Գևորգյանն իր հերթին նշեց, որ փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն զբոսավարներին, այլև տուրիստական ոլորտի այլ ներկայացուցիչների, ինչը կարող է պատճառ դառնալ տուրփաթեթների գների բարձրացման և, ի վերջո, կհարվածի Հայաստանի մրցունակությանը:
Ինչ վերաբերում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների ձևակերպման ձևին, ապա Գևորգյանը, հաստատելով Սողոմոնյանի խոսքերը, նաև նշեց, որ նախկինում (մինչև 2019 թվականի փոփոխությունները) տուրիստական ընկերության հաստիքով էքսկուրսավարներից շատերին դարձրին անհատ ձեռներեց՝ զգալիորեն թեթևացնելով իրենց համար հարկային բեռը:
«Չեմ կարծում, որ զբոսավարները կզիջեն։ Չէ որ նրանք, այնուամենայնիվ, առանց աշխատանքի չեն մնա։ Իսկ ակտիվ սեզոնին զբոսաշրջիկների որակյալ սպասարկման համար ավելի շատ զբոսավարներ են պահանջվում», - նշեց նա։
Փորձագետները համակարծիք են, որ այս պահին հայկական զբոսաշրջության ոլորտում քաոս է տիրում։ Նրանց կարծիքով՝ մթնոլորտը կարող է բարելավել առաջին հերթին զբոսավարների և զբոսաշրջության ոլորտի այլ մասնակիցների (տուրօպերատորներ, տրանսպորտային ընկերություններ և այլն) լիցենզավորումը, ինչն արդեն նախատեսված է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» նոր օրենքով։
Այնուամենայնիվ, Սոլոմոնյանը նշեց, որ որևէ հստակություն չկա, թե ով, ինչպես և ինչ չափանիշներով է լիցենզիաներ տրամադրելու, այդ պատճառով էլ անհնար է գնահատել արդյունավետությունը կամ արդյունքներ կանխատեսել:
Իսկ ահա Գևորգյանը համոզված է, որ փոփոխություններին դեմ են լինելու այն ընկերություններն ու մասնավորները, որոնք անորակ ծառայություններ են մատուցում և թաքցնելու բան ունեն։
Նշենք, որ զբոսաշրջության կոմիտեն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» նոր օրենք է մշակել։ Այն ներկայացվել է կառավարության քննարկմանը։