Հալեպի բնակիչները գիշերն անցկացրել են եկեղեցիներում, ապաստարաններում ու ավտոմեքենաներում

Երկրաշարժի հետցնցումները շարունակվել են մինչև լուսաբաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչների մեծ մասը գիշերն անցկացրել են եկեղեցիներում, տարբեր միութենական կառույցների շենքերում, ապաստարաններում ու ավտոմեքենաներում։ Այս մասին գրում է Սիրիայում գործող «Գանձասար» հայկական պարբերականը։
Պարբերականը հայտնում է, որ երկրաշարժի հետցնցումները շարունակվել են մինչև լուսաբաց։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Նույն օրը, Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին, ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 3000–ի սահմանը, Սիրիայում 1000–ից ավելի մարդիկ են մահացել։