ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստան-Թուրքիա հարաբերություններում դանդաղ, բայց կա առաջընթաց։ Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա երկխոսությանը։
Նա վերհաստատել է ՀՀ-ի պատրաստակամությունը՝ Հայաստան–Թուրքիա հարաբերություններում հնարավորինս արագ դրական տեղաշարժ գրանցելու ուղղությամբ։
«Ուզում եմ տեղեկացնել, որ որոշ առաջընթաց կա։ Մեր ընկալմամբ` մի փոքր դանդաղ է պրոցեսն ընթանում, բայց, այնուամենայնիվ, դրական տեղաշարժ կա»,–նշել է նա։
Նա անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի օդային բեռնափոխադրումների արգելքի վերացմանը, և դա հերթական դրական քայլը համարել։
«Մենք հույս ունենք, որ այս գործընթացը կշարունակվի ավելի արագ և շոշափելի ձեռքբերումներով»,–ասել է Միրզոյանը։
Նա վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղ, համագործակցային և կայուն մեծ տարածաշրջան ունենալու հարցում։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
Իսկ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։