Եկել է նրան «Ազգային հերոսի» կոչումից զրկելու ժամանակը. Սիմոնյանը` Փիլոյանի մասին

Ազգային ժողովում քննարկվում է Սեյրան Օհանյանին ու Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին պետք է զրկել «Ազգային հերոսի» կոչումից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կարծում եմ` եկել է ժամանակը նրան զրկելու այդ կոչումից և վերանայել «Ազգային հերոս» տալու ինստիտուտը։ Պետք է հասկանալ` արդյոք այն մարդիկ, որոնց նկատմամբ հետագայում դատավճիռ կկայացվի, պետք է շարունակեն մնալ... Կարծում եմ, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կլինի, ապա այդ մարդիկ չպետք է մնան «Ազգային հերոս»»,– նշեց Սիմոնյանը։
Նա անդրադարձավ նաև այն նկատառմանը, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին շուրջ կատարվողը` մեղադրանք առաջադրելը, անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քննարկումները, ուղիղ համեմատական են նախկինում գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ կատարվող իրադարձություններին։
ԱԺ նախագահը նշեց, որ դատարանում Մանվել Գրիգորյանի մասով գործ կա, և ինքը չի կարծում, թե պետք է այդ առումով մեկնաբանություններ անել, առավել ևս, որ Գրիգորյանն այլևս ողջ չէ։
«Եթե ինչ–որ մեկն ուսադիր ունի, և կամ իր փայատերերը կամ իրեն հրաման տվողներն իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ», - ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` մարտի 31-ին հայտնի դարձավ, որ Փիլոյանը կալանավորվել է։ Նրան կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանք է ներկայացվել։
2022–ի հոկտեմբերի 10–ին նախկին նախարարն ազատ է արձակվել 15 միլիոն գրավի դիմաց։