Դեկտեմբերի 3-ին զինծառայողի վրա հրազենից կրակել է ծառայակիցը. 2 անձ կալանավորվել է

Երկու ծառայակիցներ մի արկղ պահածո են գողացել, որի մասին իմացել է նրանց հրամանատարն ու պատժել զինծառայողներից մեկին։ Դրանից հետո պատժված զինծառայողը հրազենով կրակել է իր հետ պահածո գողացած ծառայակցի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի զինծառայողներից մեկի վրահրազենից կրակել է ծառայակիցը, դեպքի առթիվ 2 անձ կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել ենք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից աջ ոտքի շրջանում ԶՈւ զինծառայող Գ. Հ.-ն ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։
Ըստ ՔԿ հաղորդագրության` հարուցված քրգործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ավագ լեյտենանտ Գ.Բ-ն 2022թ դեկտեմբերի 3-ին պաշտպանության տեղամասում տեղեկացել է, որ իր ենթակայության տակ գտնվող զինծառայողներ, շարքայիններ Գ.Պ-ն և Գ.Հ-ն զինծառայողներին հատկացված վաճառքի համար չնախատեսված մեկ արկղ պահածո են գաղտնի հափշտակել։
Սյունիքում զինվորը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, ձերբակալվել է ծառայակիցը
Տեղեկանալով այդ մասին, լեյտենանտ Գ.Բ-ն զինվորական ծառայության վայրում կրտսեր սերժանտ Ա. Մ-ի, շարքայիններ Ա. Մ-ի և Կ. Ա-ի հետ միասին հարվածներ է հասցրել Գ.Պ-ին։
Դրանից հետո Գ.Պ–ն պահածոյի հափշտակության հարցի շուրջ տարաձայնություն է ունեցել շարքային Գ. Հ-ի հետ, այնուհետև վերցրել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը և կրակել Գ.Հ-ի աջ ոտքին՝ պատճառելով ծանր վնասվածք:
Սպա Գ.Բ-ն, պարտավոր լինելով կատարված հանցագործության մասին անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը, խախտել է ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի մի շարք պահանջներ`թաքցնելով հանցագործությունը:
Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել են ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշներ ևս, 2023թ. հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) 549-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը) 521-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը միացվել է նշված վարույթին:
Վիճել են, զինծառայողը կրակել է ծառայակիցների ուղղությամբ. ՔԿ–ն` 2021-ի սպանության մասին
Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից սպա Գ.Բ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը), շարքային Գ.Պ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (գողությունը), 521-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը), իսկ կրտսեր սերժանտ Ա.Մ-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը):
Շարքային Գ.Հ-ի առողջությանը ծանր վնաս պատճառած շարքային Գ.Պ-ի և սպա Գ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ շարքային Ա.Մ-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը։
Նախաքննությունը շարունակվում է: